Հետքրքրիր փաստեր ձյան մասին

1․ Ձյունը ոչ այլ ինչ է, քան սառած ջուր: 

2. Գիտե՞ք արդյոք, թե ինչու է ձյունը սպիտակ: Այն բաղկացած է օդից, իսկ լույսը, որն ընկնում է ձյան փաթիլների վրա, ցրվում է հնարավոր բոլոր ուղղություններով:

3. Չկան ձյան միանման 2 փաթիլներ, իսկ ահա հավասարաչափ փաթիլներ կարողացել են գտնել: 

4. Սովորական ձյան փաթիլի չափը 5 մմ է, բայց ԱՄՆ-ում հայտնաբերվել է «ամենամեծը»` 38 սմ:

5. Գիտե՞ք, թե ինչու է ձյունը ճռճռում, հատկապես սաստիկ  սառնամանիքին: Ձյունիկները կոտրվում են եւ շփվում միմյանց հետ: Այսպիսի եղանակով է ստացվում «ճռճռոցի» էֆեկտը:

6. Դուք կարծում եք, որ ձյունը կարող է միայն սպիտա՞կ լինել: Իհարկե ո՛չ: Սեւ, կանաչ, նարնջագույն, ահա այսպիսի գունային երանգներով էին լցվել Միացյալ Նահանգների (1955թ.), Ռուսաստանի (2007թ.) եւ Շվեյցարիայի (1969թ.)  փողոցները: 

7. Սահարա անապատը ձյուն «տեսել է» 1979 թվականին՝ առաջին եւ վերջին անգամ:

8. Երբեւէ մտածե՞լ եք, թե տարվա կտրվածքով որտեղ է ամենաշատը ձյուն տեղում: Դա Բեյքեր լեռն է, որը գտնվում է Վաշինգտոնում: Համաշխարհային ռեկորդն այստեղ է գրանցվել 1998-1999 թվականներին տեղացած 2850 սմ ձյան շնորհիվ:

Լեգենդներ տոնածառի մասին

Տոնածառի ծագման մասին շատ լեգենդներ կան: Դրանցից մեկն անգլիացի վանական Ս. Բոնիֆացիուսի մասին է, ով քրիստոնեական հավատը տարածել է Ֆրանսիայում և Գերմանիայում: Մի օր շրջելիս նա հանդիպում է հեթանոսների մի խմբի, ովքեր շրջապատած մի հսկա կաղնի` պատրաստվում էին մի մանկան զոհաբերել Թոր աստծուն: Զոհաբերությունը կանխելու և մանկանը փրկելու նպատակով Բոնիֆացիուսը բռունցքի հուժկու հարվածով տապալում է ծառը, որի տեղում իսկույն աճում է մի փոքրիկ եղևնի: Սուրբը հեթանոսներին հայտնում է, թե այդ փոքրիկ եղևնին Կենաց Ծառն է և խորհրդանշում է Քրիստոսի հավիտենական կյանքը: 

Ըստ մեկ այլ լեգենդի` բողոքականության հիմնադիր Մարթին Լյութերը Ս. Ծննդյան տոնի նախօրեին անտառում քայլելիս դիտում և զմայլվում էր երկնքի միլիոնավոր աստղերով, որոնք փայլփլում էին մշտադալար ծաղերի սաղարթների միջից: Տարվելով այդ տեսարանով` նա կտրում է մի փոքրիկ եղևնի և տանում իր ընտանիքին: Անտառում իր տեսած աստղափայլը վերստեղծելու նպատակով նա եղևնու բոլոր ճյուղերին մոմեր է դնում:


Մեկ այլ լեգենդ էլ պատմում է մի աղքատ անտառապահի մասին, ով շատ վաղուց Ս. Ծննդյան տոնի նախօրեին հանդիպում է մի կորած և քաղցած մանկան: Չնայած իր ծայրահեղ աղքատ լինելուն` անտառապահը մանկանն ապահովում է կերակուրով և օթևանով: Առավոտյան արթնանալով` նա իր դռան մոտ տեսնում է մի գեղեցիկ ու շքեղ տոնածառ: Քաղցած մանուկն իրականում ծպտյալ Քրիստոսն էր: Նա էր դրել տոնածառը` որպես այդ լավ մարդուն փախհատուցում` իր բարեգործության համար:
Կա նաև այն լեգենդը, թե տոնածառը կարող է լինել «Դրախտի ներկայացում»-ը: Միջնադարում մարդկանց մեծամասնությունը գրագետ չէր և չէր կարող կարդալ, և ներկայացումները վերածվում էին Եվրոպայում Աստվածաշնչի ուսուցման դասերի: «Դրախտի ներկայացում»-ը, որում պատմվում էր մարդու արարման և Ադամի ու Եվայի` Եդեմի պարտեզից արտաքսման մասին, բեմադրվում էր ամեն տարի ձմռանը` դեկտեմբերի 24-ին: Քանի որ ներկայացման համար պետք էր խնձորենի, իսկ ձմռանն էլ խնձորենին բերք չի տալիս, հարկ եղավ խնձորենին փոխարինել մշտադալար ծառերով և դրանք զարդարել խնձորներով: 


Գերմանիայից ծագող մեկ այլ լեգենդ էլ կա սարդերի և սարդոստայնի մասին: Վաղ անցյալում ընտանիքը թույլ էր տալիս, որ իրենց ընտանի կենդանիները Ս. Ծննդյան տոնի նախօրեին մտնեին տուն և տեսնեին տոնածառը: Քանի որ մանուկ Հիսուսը ծնվեց ախոռի մսուրում, մարդիկ մտածում էին, որ կենդանիները ևս պետք է մասնակցեն Ս. Ծննդյան տոնակատարությանը: Սակայն սարդերին թույլ չէին տալիս մտնել տուն, քանի որ տանտիրուհիներին դուր չէր գալիս նրանց` ամենուր հյուսած ոստայնը: Իհարկե, սարդերը դրա համար շատ տխուր էին և մի տարի էլ այդ մասին բողոքեցին Քրիստոսին: Նա խղճաց սարդերին և որոշեց ուշ գիշերը նրանց ներս թողնել` տեսնելու տոնածառը: Սարդերին տոնածառը շատ դուր եկավ, և նրանք ողջ գիշերը պտտվեցին նրա ճյուղերի մեջ` հյուսելով իրենց ոստայնը: Ս. Ծննդյան տոնի առավոտյան տանտիրուհիները տեսան սարդերի արարքը, սակայն զայրանալու փոխարեն հիացան, որովհետև մանուկ Հիսուսը նրանց հյուսած սարդոստայնը վերածել էր շողշողուն փայլազարդերի:

Լեգենդ մշտադալար եղևնու մասին
 

Վաղ անցյալում մարդիկ զարդարում էին ծառերը` հավատալով, որ դրանք օժտված են բարի ուժերվ, դրանցում ապրում են բարի ոգիներ: Ծառերին նվերներ կախելով` մարդիկ աշխատում էին գոհացնել բարի ոգիներին: Ծառերը զարդարող խնձորները խորհրդանշում էին պտղաբերություն, ընկուզեղենն` աստվածային նախախնամության անիմանալիություն, ձվերը` զարգացող կյանք, ներդաշնակություն և լիակատար բարեկեցություն:
Եղևնին զարդարելու սովորույթն առաջացել է ավելի քան 2000 տարի առաջ: Մշտադալար եղևնին առանձնահատուկ տեղ է գրավել բոլոր ծառերի մեջ: Այն խորհրդանշել է կյանքը և կյանքի վերածնունդը մթից ու խավարից: Շատերը կարծում են, թե մշտադալար եղևնին դրախտում աճող անմահության ծառն է, վառվող մոմերը կամ լույսերը` մարդկային հոգիները, իսկ զարդարանքները` խորհրդանշական նվիրատվությունները:


Ս. Ծննդյան տոնի ծառի մասին շատ լեգենդներ կան: Ահա ամենահայտնի և ամենագեղեցիկ լեգենդներից մեկը.


Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:


Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն: 
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը. 
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի: 
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց. 
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *